Փարիզ-Կահիրե չվերթի կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել․ հաստատված տվյալներ

EgyptAir ավիաընկերության A320 օդանավի թռիչքի հետագիծը մինչև ռադարից անհետանալը

Հաստատված տվյալներով՝ Փարիզ-Կահիրե MS804‬ չվերթում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: Այդ մասին քիչ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք՝ Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir ընկերության՝ Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 օդանավը, որում եղել են 56 ուղևորներ և անձնակազմի 10 անդամները, այսօր վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, անհետացել է ռադարից:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ինքնաթիռը կործանվել է, միաժամանակ ընդգծելով, որ դեռ շատ վաղ է պատճառների մասին խոսել: «Ոչ մի վարկած չի կարելի բացառել», - լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ հայտարարել է Օլանդը: