Մատվիենկո. «Վիեննայի հանդիպումը դրական ազդանշան էր»

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի հայտարարությունները հետևեցին փոխվարչապետ Ռոգոզինի՝ Բաքվում անցկացրած բանակցություններին:

Վիեննայի հանդիպումը լավ ազդանշան էր ղարաբաղյան բանակցությունների ապագայի համար: Այսօր Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը առաջին դրական ազդանշանն էր, որն արդեն իսկ հետագա երկխոսության մեկնարկի հիմք է դարձել», - հայտարարել է Մատվիենկոն: «Այժմ հիմնական նպատակները պետք է դառնան վստահության մթնոլորտի ձևավորումն ու [Լեռնային Ղարաբաղի] հիմնահարցի լուծման ուղղությամբ շարժվելը», - ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերն է փոխանցում TACC գործակալությունը:

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահն այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում նաև նշել է, թե ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես «երկխոսության և բանակցությունների վերսկսման միջոցով»: Ինչ վերաբերում է շփման գծում նկատվող լարվածությանը, ապա այստեղ, ըստ Մատվիենկոյի, Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Մոսկվան պատրաստ է անել հնարավորը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար:

«Ամենասկզբից էլ Ռուսաստանում մտահոգված ու տագնապած էին: Գիտեք, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություն, անհապաղ արձագանքեց [մարտական գործողությունների վերսկսմանը]: Ռուսաստանը շատ լավ հասկանում է իր ստանձնած պատասխանատվության չափը: Թե՛ երկկողմ ձևաչափում և թե՛ Մինսկի խմբի շրջանակում մենք ամեն կերպ կաջակցենք ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված երկխոսության վերսկսմանը», - հայտարարում էր Մատվիենկոն:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի այս հայտարարությունները հնչեցին ռուսաստանցի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի` ռազմարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքվում անցկացրած բանակցությունների ավարտից հաշվված ժամեր անց: Ռոգոզինը Բաքու էր ժամանել երեկ օրվա երկրորդ կեսին` երեկոյան կողմ բանակցություններ անցկացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ալիև-Ռոգոզին բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություններից բացի առայժմ որևէ այլ տեղեկատվություն չկա:

Կողմերը, դատելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հիմնականում անդրադարձել են երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Այս հաղորդագրության մեջ առկա թերևս միակ նորությունը Բաքվի և Մոսկվայի միջև մեքենաշինության ասպարեզում մեկնարկող նոր ծրագրի հիշատակումն է, որի մանրամասները, սակայն, չեն բացահայտվում: Հետաքրքիր է նաև, որ Ռուսաստանի փոխվարչապետը, իր վաղեմի սովորությանը հակառակ, Բաքու կատարած այցի մասին որևէ տեղեկություն չի տարածել Twitter-ի անձնական էջի միջոցով:

Հիշեցնենք, որ սա Դմիտրի Ռոգոզինի թվով երրորդ այցն է Ադրբեջան վերջին երեք ամիսներին: Մարտի սկզբին Ռոգոզինը Բաքվում քննարկում էր Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան զենքի խմբաքանակի դիմաց վճարումների ուշացման հարցը: Ապրիլին արդեն` քառօրյա պատերազմից մի քանի օր անց, Բաքվում Ռոգոզինը հայտարարեց, թե Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի գաղափարից: «Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը` վճարունակ գործընկեր», - ապրիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում էր Ռոգոզինը: