Իտալիայի ևս երկու քաղաքների խորհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Անմար կրակը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Իտալիայի Կանոզա քաղաքի խորհուրդը մայիսի 16-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի խորհուրդը:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ, ասված է հաղորդագրությունում: