Վազիանիի ռազմակայանում մեկնարկել են Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները

Վրաց զինվորները՝ Վազիանիի ռազմակայանում, արխիվ

Առաջին անգամ ամերիկացի զինվորականները զորավարժություններին մասնակցում են իրենց հետ բերված ծանր զրահատեխնիկայով։

Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում մեկնարկած Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժություններն, ըստ վրացական իշխանությունների, աննախադեպ են իրենց ծավալով։

Երեկ մեկնարկած այս զորավարժություններին մասնակցում են թվով 650 ամերիկացի և 150 բրիտանացի զինվորականներ` իրենց 500 վրաց գործընկերների հետ միասին:

Առաջին անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի հարաբերությունների ողջ ընթացքում ամերիկացի զինվորականները զորավարժություններին մասնակցում են իրենց հետ բերված ծանր զրահատեխնիկայով` Abrams տեսակի ութ տանկերով և Bradley զրահամեքենաներով։

«Այս զորավարժությունների անցկացումը, մարտական այս տեխնիկայի ժամանումը մեր երկիր ինքնին շատ խորհրդանշական են: Այս ամենը Վրաստանի ընտրության, դաշինքի ընտրության, նաև մեր քաղաքակրթական ընտրության վկայությունն է: Այս զորավարժությունները նաև վկայում են, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները պատրաստ են աջակցել Վրաստանին, որպեսզի մեր բանակի կարողությունները համապատասխանեն այն բոլոր գործողություններին, որ իրականացնում է դաշինքը», - նշել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Երեկ զորավարժությունների հանդիսավոր մեկնարկին ներկա էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Դիմելով երեք երկրների զինվորականներին` Վրաստանի նախագահի մեկ անգամ ևս հայտարարել է. - «ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեր մոտեցումներն անփոփոխ են` Վրաստանը դառնալու է դաշինքի լիիրավ անդամ»:

«Մեր ցանկությունն է, որպեսզի ՆԱՏՕ-ում ավելի զգալի լինի Վրաստանի ներկայությունը, իսկ Վրաստանում՝ ՆԱՏՕ-ինը: Մենք այս սկզբունքով ենք առաջադրվում՝ թե՛ դաշինքի կողմից իրականացվող միջազգային առաքելությունների ընթացքում, և թե՛ մեր երկրի տարածքում». -հայտարարել է Մարգվելաշվիլին:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը: Դրանց ընթացքում վրաց, ամերիկացի և բրիտանացի զինվորականները հիմնականում կաշխատեն տարբեր պետությունները ներկայացնող զորամիավորումների գործողությունների համակարգումը ռազմի դաշտում ավելի հստակ դարձնելու ուղղությամբ: Բացի այդ զորավարժությունների ավարտին Վրաստանի զինված ուժերի կազմում ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված մեկ առանձին վաշտ ի հայտ կգա, որը մաս կկազմի դաշինքի արագ արձագանքման ուժերին: