Քաղաքապետ. «Վերջին զանգին» դրամահավաքի դեպքում դպրոցի տնօրենները կպատժվեն

Քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում՝ «Վերջին զանգի» առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում «պատասխանատուները խստագույնս կպատժվեն»:

«Ավարտական դասարաններում սովորող մեր աշակերտների ու նրանց ծնողների համար սա սպասված և կարևոր ժամանակաշրջան է: Բայց, ցավոք, երեխայի դպրոցն ավարտելը ծնողի համար հաճախ նաև ֆինանսական լրացուցիչ ծախսերի ու անհանգստության պատճառ է դառնում: Այս օրերին ծնողները պետք է ուրախանան իրենց երեխաների ձեռքբերումներով ու ապագայի պլաններով զբաղվեն, ոչ թե մտածեն, թե ինչպես են գումար հայթայթելու ինչ-որ անհասկանալի ծախսերի համար, որպեսզի հանկարծ երեխան չընկճվի ուսուցչի կամ դասընկերների մոտ», - ասել է քաղաքապետը:

Նա հանձնարարել է հանրակրթության վարչությանը մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր տնօրեններին և նախազգուշացնել, որ բացառեն դրամահավաքության ցանկացած փորձ, այլապես կպատժվեն հենց տնօրենները՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:

«Ծնողներին ևս հորդորեք, որ որևէ պատրվակով գումար չվճարեն: Մենք միասին պետք է պայքարենք այս արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ», - ասել է քաղաքապետը: