ՔԿ. ՌԴ-ում 11 հայաստանցի աշխատանքային շահագործման է ենթարկվել

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է 11 անձի աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։

«Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ Հայաստանի 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել Ռուսաստանի Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում», - ասված է հաղորդագրությունում։

Քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «մարդկանց առևտուրը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Մ. Ավետիսյանը, Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքում ստանալով հիպերմարկետի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների պատվեր, խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, 2013 թվականի դեկտեմբերի կեսերին Հայաստանի երկու քաղաքացու ներգրավել է նշված շինության բետոնապատման աշխատանքների կատարման մեջ», - ասված է հաղորդագրությունոմ:

Կոմիտեն նաև նշում է, թե «քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվար ամսին Ավետիսյանը հեռախոսազանգերի միջոցով հավաքագրել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 4 բնակչի և խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, նրանց, ինչպես նաև Մուրմանսկ քաղաքում գտնվող ևս 5 Հայաստանի քաղաքացու 2014 թվականի փետրվար ամսից ներգրավել նույն բետոնապատման աշխատանքներում։ Շինարարը պատվիրատուից 2014 թվականի ապրիլի կեսերին ստացել է աշխատանքների դիմաց վճարը, սակայն կատարված աշխատանքի դիմաց նշված 11 անձանց չի վճարել՝ պատճառաբանելով, թե պատվիրատուից գումար չի ստացել»:

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 5-ին Մ. Ավետիսյանը 2014 թվականի ապրիլի կեսերին տեղափոխել է Կիրովսկ քաղաք, որտեղ մեկ այլ պատվիրատուից գումար ստանալու և աշխատանքների դիմաց վճարելու կեղծ խոստումով մինչև 2014 թվականի մայիսի կեսերը շարունակել է շահագործել նրանց՝ հանձնարարելով կատարել բետոնապատման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին պատվիրատուից ստացել է վճարը, սակայն խոստացված վարձատրությունը չի տվել աշխատանքներն իրականացրած 5 անձանց և, վերջիններիս լքելով Կիրովսկ քաղաքում, հեռացել է», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 11 անձ ճանաչվել է տուժող։ 2016 թվականի ապրիլի 14-ին քննիչը որոշում է կայացրել՝ Մ. Ավետիսյանին Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդկանց առևտուրը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ), որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: