Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պայմանավորվել են Սիրիայի Հալեպ քաղաքում կրակի դադարեցման շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները:
Թոների փոխանցմամբ՝ կողմերը բանակցություններն ավարտել են երեքշաբթի օրը և այժմ ուշադրությամբ հետևում են, թե ինչպես է հրադադարը պահպանվում: Նա իր հայտարարությունում նշել է, որ բռնությունները Հալեպում թեև նվազել են, սակայն շարունակվում են:
«Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները երբեք չեն կարող արդարացվել և պետք է դադարեցվեն անմիջապես», - ասել է Թոները՝ ընդգծելով․ - «Մեր նպատակը եղել և մնում է մարտական գործողությունների դադարեցումը ամբողջ Սիրիայում և ոչ թե մի շարք տեղային հրադադարներ»:
Հիշեցնենք՝ Հալեպում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև բախումները վերջերս սրվել են, մարտական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ հայ բնակչության շրջանում: