Ադրբեջանցի փորձագետները տարակուսած են Մամեդյարովի ելույթից

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրով, արխիվ

Ըստ նրանց, ԼՂ խնդրի կարգավորման՝ Մոսկվայի առաջարկների մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները «շատ հարցեր են առաջացնում»:

Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն Contact կայքին ասել է՝ «Եթե դա Մոսկվայի պլանն է, ինչո՞ւ այդ մասին չի հայտնում Լավրովը, այլ խոսում է Մամեդյարովը: Ի՞նչ շրջաններ նկատի ունի արտգործնախարարը, երբ խոսում է հայկական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին: Միայն Ղարաբաղին հարակից շրջաննե՞րը, թե՞ նաև բուն Ղարաբաղից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը»,- Contact-ի հետ զրույցում հարցեր է հնչեցրել ադրբեջանցի քաղաքագետը:

Ըստ Օրուջլուի, պարզ չէ նաև ԵԱՀԿ-ի դերն այդ հարցում: Ինչո՞ւ է փուլային կարգավորման տարբերակն առաջ քաշվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միայն մեկ համանախագահի կողմից, ո՞ւր են մյուս համանախագահները: Ի՞նչ են նշանակում Մամեդյարովի խոսքերը՝ այսբերգի երևացող գագաթի մասին: «Կարծում եմ՝ նախարարը ցանկացավ ցույց տալ, որ այդ պլանին դրական է վերաբերվում, բայց նաև հասկացրեց, որ այնտեղ կան Բաքվին ոչ ձեռնտու տարրեր»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ «այսբերգի չերևացող մասերը» Ադրբեջանին ոչ ձեռնտու մանրամասներն են ու դրանց թվում՝ «հատկապես Բաքվին ԵՏՄ հրավիրելու առաջարկը, ինչը Բաքվում բացահայտորեն ակնարկեց Լավրովը»: «Եվ վերջապես՝ խաղաղապահների հարցը: Դժվար է պատկերացնել կարգավորման ռուսական պլանը առանց նրա խաղաղապահ զորքի մասնակցության: Իսկ դա շատ վտանգավոր պահ է»,- ընդգծել է Արաստուն Օրուջլուն:

Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով էլ, ռուսական առաջարկներն այսբերգի հետ համեմատելով, արտգործնախարար Մամեդյարովն ավելի շուտ ակնարկել է, որ Ռուսաստանի առաջարկներում որոշ պահեր լիովին բացված չեն: «Հնարավոր է՝ Ռուսաստանի առաջարկներում կան ինչ-որ ընդհանուր սկզբունքներ, որոնցով նախատեսվում է ազատել Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքները, և, այս իմաստով, դրանք համապատասխանում են Ադրբեջանի շահերին»,- ասել է փորձագետը, շարունակելով. - «Միաժամանակ, բացակայում են առաջարկների մանրամասները: Մասնավորապես, պարզ չէ հանրաքվե անցկացնելու ժամանակն ու ձևը, եթե այն, իրոք, առաջարկների մաս է կազմում: Պարզ չէ նաև խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցը: Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ Հայաստանն անմիջապես մերժեց Լավրովի պլանը»։ Ըստ Միրկադիրովի՝ հաշվի առնելով Մոսկվայից Երևանի «լիակատար կախվածության» հանգամանքը, դժվար թե «Սարգսյանը կարողանար իրեն այդպիսի դեմարշ թույլ տալ»: