Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցները ժամանակակից զենք ունենան. Շոյգու

Ռուսաստանը շահագրգռված է, որ իր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակությամբ օժտված, ժամանակակից զենքով ու տեխնիկայով հանդերձված զինուժեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մենք շահագրգռված ենք, որ մեր դաշնակիցներն ու գործընկերներն ունենան կոմպակտ, բարձր շարժունակությամբ օժտված, ժամանակակից զենքով ու ռազմական տեխնիկայով հանդերձված զինված ուժեր, որոնք ընդունակ կլինեն հուսալիորեն և արդյունավետորեն դիմակայել ազգային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին: Մեր գործողությունների տրամաբանությունը պարզ է ու հասկանալի. ՀԱՊԿ-ի սահմանների ամրապնդումը նշանակում է Ռուսաստանի անվտանգության ուժեղացում»,-ասել է Շոյգուն միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովում ունեցած ելույթում:

ՌԴ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ գերակայություն է համարում ռազմական համագործակցությունն ԱՊՀ-ի հետ, ՀԱՊԿ-ի և Բելառուսի հետ միութենական պետության ռազմական բաղադրիչի զարգացումը:

«ԱՊՀ-ի մասնակից պետությունների հետ ռազմական համագործակցության ընդլայնումը, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացումը, Բելառուսի հետ միութենական պետության ռազմական կազմակերպության ամրապնդումը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության միջազգային գործունեության գերակայություններն են»,-հայտարարել է Շոյգուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: