Ամերիկացի քաղաքական գործիչները կոչ են անում ազատ արձակել Իսմայիլովային

Խադիջա Իսմայիլովա, Ամալ Քլունի

Ամերիկացի քաղաքական գործիչները, միանալով փաստաբան Ամալ Քլունիի նախաձեռնությանը, կոչ են անում ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Ամերիկացի մի շարք քաղաքական գործիչներ սոցիալական ցանցերում իրենց համերաշխությունն են հայտնում մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտում գտնվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Իլինոյս նահանգից սենատոր հանրապետական Մարկ Քըրքը թվիթերյան իր գրառմամբ կոչ է արել ազատ արձակել լրագրողին: «Ես միանում եմ Ամալ Քլունիին և կոչ անում ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային», - մասնավորապես գրել է Քըրքը:

Մինչ այդ մեկ այլ հանրապետական՝ կոնգրեսական Ջիմ ՄըքԳովերնը նույնպես իր աջակցությունն է հայտնել լրագրողին ազատ արձակելու կոչերին: «Խադիջա Իսմայիլովան բացահայտել է կոռուպցիային առնչվող փաստեր, որոնք այսօր հաստատվում են Պանամական փաստաթղթերում», - ընդգծել է նա:

Շարունակելով թեման՝ կոնգրեսականը հավելել է ․ - «Ես հպարտ եմ, որ միացել եմ Ամալ Քլունիի նախաձեռնած արշավին, որի նպատակը Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումն է: Բանտարկված լրագրող, ով համարձակություն է գտել իր ձայնը բարձրացնել Ադրբեջանի կառավարության դեմ»:

Սենատորներ Ջոն ՄըքՔեյնը, Բեն Գարդինը, ինչպես նաև բազմաթիվ կազմակերպություններ և խմբեր նույնպես միացել են հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի արշավին:

Քլունին, հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելու է Իսմայիլովայի շահերը: