«Այս բախումներն ուղերձ են աշխարհին առ այն, որ ԼՂՀ բնակչությանը ցեղասպանություն է սպառնում»

Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Նախկին արտգործնախարարը նշում է՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը գիտակցի՝ Ադրբեջանը, հնարավորության դեպքում, ոչ միայն տարածքներ գրավելու, այլև ԼՂ բնակչությանը ոչնչացնելու խնդիր է դնելու:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան բախումները լուրջ ուղերձ պետք է լինեն միջազգային հանրությանն այն մասին, թե «ինչպիսի էկզիստենցիալ վտանգի առջև է կանգնած Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»:

«Վերջին դեպքերը լուրջ պատգամ են միջազգային հանրությանը, որ այս փոփոխվող աշխարհում թերևս ժամանակն է գիտակցելու, որ եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա, ապա ցանկացած պահի ոչ միայն խնդիր է դնելու՝ գրավել տարածքներ, այլ նաև ոչնչացնել բնակչությանը: Այսինքն՝ ԼՂՀ բնակչությունն այսօր ցեղասպանության վտանգի տակ է ապրում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Ըստ նրա, 4-օրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան մեծ՝ հարձակողական պոտենցիալ ունի Ադրբեջանը, և դրա մեծ մասը «կուտակված է Ռուսաստանի Դաշնության կողմից»: «Ես կարող եմ համաձայնել այն գնահատականի հետ, որ Մինսկի խմբում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը բավականին ներդաշնակ միմյանց հետ աշխատում են, և սա թերևս միակ միջազգային ֆորմատն է, որում ընդգրկված են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և որը վերջին 20 տարիների ընթացքում որևէ ճգնաժամի առջև չի կանգնել: Համենայն դեպս՝ արտաքուստ, կարողացել է այնպիսի տպավորություն թողնել, որ կողմերը համաձայն են լուծման ընդհանուր տեսլականի հարցում:

Բայց իրականում կան կասկածներ, որ այդ կողմերից մեկը՝ կոնկրետ Ռուսաստանը, որոշ պարագաներում հրահրում է բախումներ, որոշ դեպքերում, զինելով Ադրբեջանին, այնպիսի պատրանք է ստեղծում Ադրբեջանի մոտ, որ իրենք կարող են զինվելով՝ հարցին տալ ռազմական լուծում, ինչը հակասում է հենց Մինսկի խմբի մանդատին»,- ասում է նախկին արտգործնախարարը:

Մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի աղմկահարույց խոսքերը, Արզումանյանը նկատում է՝ Ռոգոզինը դեռևս պատգամավոր եղած շրջանից, երբ ընդգրկված էր ազգայնական «Ռոդինա» դաշինքում, հայտնի է իր «անտակտությամբ»:

Ռոգոզինը, հիշեցնենք, արձագանքելով ՌԴ-ի կողմից հակամարտող կողմերին զենքի վաճառքի հետ կապված դժգոհություններին, «դեմագոգիա» և «լալկան նվնվոց» էր որակել դրանք, չճշտելով, թե հատկապես որ կողմին նկատի ունի: Հայաստանում, այդուհանդերձ, շատերի դիտարկմամբ, Ռոգոզինի խոսքերը հասցեագրված էին հենց հայկական կողմին:

«Նա հայտնի էր իր նախընտրական՝ այլատյաց բովանդակությամբ կլիպներով, որում ասում էր, որ Ռուսաստանը պետք է մաքրվի ռուսների համար: Նման մոտեցումներ ունեցող, այլատյաց մարդուց տարօրինակ չէ լսել իր պաշտոնին անհարիր նման արտահայտություններ: Այլ հարց է, որ մեզ մոտ հիմա իշխանության տարբեր օղակներում սկսել էն բարձրաձայնել Հայաստանի մտահոգությունը: Այն, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք՝ որ այս զենքի կուտակումն ի վերջո բերելու է նրան, որ այդ զենքից կրակելու են մեր երիտասարդների, մեր երեխաների վրա»,- հիշեցնում է Ալեքսանդր Արզումանյանը: