Հայաստանում ԵՄ դեսպանը խաղաղության հաստատման հույս ունի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Ըստ Սվիտալսկու, ԼՂ հակամարտության կարգավորման կարևոր քայլերից մեկը երկու երկրների քաղհասարակությունների միջև երկխոսության հաստատումն է:

Եվրամիությունը շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում, քանի որ կարծում ենք՝ դա կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի զարգացմանը: Պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Լրագրողների հետ զրույցում դեսպանը նաև ասաց, թե Եվրամիությունը Հայաստանում շարունակում է ծրագրեր իրականացնել նաև այն հույսով, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի։ «Հույս ունենք, որ հետագայում մենք կարող ենք խուսափել նման պատերազմական իրավիճակներից կամ լարվածության նոր աճից, և բոլոր կողմերին շուտով կտեսնենք բանակցության սեղանի շուրջ»,- նշեց Սվիտալսկին։

Երկու օր առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, թե միջազգային այս կարևոր կառույցն ավելացնում է ջանքերը՝ միտված խնդրի կարգավորմանը: Ըստ Մոգերինիի, հակամարտությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգությանը: «Հարավային Կովկասը կարևոր տարածք է Եվրոպայի համար»,- նշել էր Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Հայաստանում Եվրամիության դեսպանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևոր քայլերից մեկը պետք է լինի երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը։ «Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները պետք է ուղիղ կապ հաստատեն և մտածեն հաշտեցման մասին։ Եվրոպական միությունը երկու կողմում էլ ֆինանսավորում է հատկացնում այդ շփումների համար, ինչը ճիշտ հիմքն է՝ հասնելու այդ երկխոսությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պյոտր Սվիտալսկին: