ԵԱՀԿ անդամ պետությունները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը Վիեննայում,

Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում Մինսկի խմբի երեք համանախագահներին ներկայացնող դեսպան Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մանրամասներ են հաղորդել 57 անդամ պետությունների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների մասին:

Համաձայն ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության՝ Ուորլիքն ու Կասպշիկը ողջունել են կրակի դադարեցման մասին լուրը և կողմերին կոչ են արել հարգել հրադադարը: Նրանք ընդգծել են կայուն հրադադարի հիմքով քաղաքական գործընթացին վերադառնալու կարևորությունը: ԵԱՀԿ անդամ պետությունները համաձայնել են, որ վերջին լարվածությունը շատ անհանգստանցնող է և անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն շարունակի առանցքային դեր կատարել խաղաղ կարգավորման առաջընթացում՝ աջակցելով Մինսկի խմբի և համանախագահների գործունեությանը:

Համանախագահները հայտարարել են, որ շուտով այցելելու են տարածաշրջան: Դեսպան Կասպշիկը նաև այցելելու է բախումներից անմիջականորեն տուժած տարածքներ, եթե իրավիճակը թույլ տա:

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր հերթին Բեռլինում հայտարարել է․- «Բախումների դադարեցման մասին հաղորդումները ոգևորող են: Մեր անմիջական ջանքերը այժմ պետք է կենտրոնան հրադադարը կայունացնելու և նոր լարվածությունը կանխելու վրա: Բախումների դադարեցումը պետք է լինի արդյունավետ և երկարատև: Այս առիթով ես ողջոնում եմ համանախագահների այցը տարածաշրջան: Ես կողմերի և այլ միջազգային դերակատարների հետ սերտ շփումների մեջ եմ»: