Ըստ հայկական կողմի՝ Մեդվեդևի երևանյան այցը չի հետաձգվում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

«Ռուսաստանի վարչապետի այցի ծրագրում որևէ փոփոխություն չի եղել, այլ տեղեկության մենք չենք տիրապետում»,- «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը՝ մեկնաբանելով РБК լրատվականի այն տեղեկությունը, թե Երևանում Մեդվեդևի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության վարչապետների գագաթնաժողովը հետաձգվել է ղարաբաղյան հակամարության սրման պատճառով:

«Այցը, ինչպես նախատեսված էր, պետք է տեղի ունենա ապրիլի 7-ին»,- փոխանցեց Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարը:

«Ազատության» հետ զրույցում ԵՏՄ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարինա Շկուրլատովան ասաց, թե «չի տիրապետում նման տեղեկատվության»: «Մենք չենք կարող որևէ կերպ մեկնաբանել, նման տեղեկատվություն չեն ստացել»,- ասաց նա: