Զարիֆը իր մտահոգություններն է փոխանցել Մամեդյարովին

Մոհամադ Ջավադ Զարիֆ և Էլմար Մամեդյարով, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կապակցությամբ և կոչ արել թուլացնել լարվածությունը:

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը կոչ է արել անհապաղ վերջ տալ հակամարտությանը և վերականգնել խաղաղությունն ու անդորրը Ղարաբաղում: Հիշատակելով հայաստանցի գործընկերոջ հետ նույն օրը կայացած հեռախոսազրույցը, Իրանի արտգործնախարարը իր երկրի պատրաստակամությունն է հայտնել՝ օգնելու վեճի կարգավորմանը խաղաղ միջոցներով:

Մամեդյարովը ժամանել է Իրանի հյուսիսային Ռամսար քաղաք, որտեղ կայանալու է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: