Խորհրդարանական խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը սաստել Ադրբեջանին

Հայաստանի ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ:

«Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: Մասնավորապես այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունն ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը՝ չխորշելով դրա համար զոհել մարդկային կյանքեր», - ասված է Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը՝ սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ՝ կանխատեսելով, որ Ալիևի բռնապետական ռեժիմը, ամենաթողությունից գլուխը կորցնելով, կարող է գնալ է՛լ ավելի անմարդկային քայլերի: