Ոստիկանությունը հայտնաբերել է Կարեն Վարդանյանի դին

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է մարտի 17-ից անհայտ կորած փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի դին։

Ըստ ոստիկանության, մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղման մեկնելու նպատակով Կարեն Վարդանյանը դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Մարտի 30-ին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

«Մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թվականին ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981 թվականին ծնված Ա. Զ.-ն, 1979 թվականին ծնված Հ. Վ.-ն, 1960 թվականին ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Արթուր Միհրանյանը: Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: