ԼՂ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց

Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից:

«Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կիլոմետր խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Մարտի 27-ին և 28-ին Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում: