Ադրբեջանը հաղորդում է զինվորի և սպայի մահվան մասին

Ադրբեջանցի զինվորները՝ զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Ղազախի հատվածում, «հայկական կողմի սադրանքներին դիմակայելու ժամանակ» զոհվել է ադրբեջանցի սպա Հալիբ Զուլֆուհարլին։

Սպայի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր: Աղբյուրը հուղարկավորությունից լուսանկարներ է հրապարակել։

Haqqin.az-ը, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությունը, նշում է նաև զինվոր Հաֆարալի Հաջիևի մահվան մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել էր շփման գծում լարվածության մասին։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- հաղորդել էր ԼՂ պաշտպանության նախարարությունը: