Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի արտգործնախարարին

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասին:

Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր:

Նալբանդյանն ու Կոցիասն անդրադարձել են անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։

Զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։