ՊԵԿ-ի նախագահին միլիոններ է նվիրում Մոսկվայում բնակվող եղբայրը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը խոստովանում է՝ իրեն միլիոնավոր դոլարներ նվիրաբերողը հարազատ եղբայրն է, սակայն հրաժարվում է հանրությանը ներկայացնել, թե Հակոբ Հովսեփյանը ինչպե՞ս է վաստակել այդ գումարները:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած հայտարարագրերի համաձայն, նա անցած հինգ տարիներին ստացել է 3 միլիոն 90 հազար դոլար նվիրատվություն, երթևեկում է վերջին արտադրության թանկարժեք «Մերսեդես S 500» ավտոմեքենայով, որն, ի դեպ, ավելի նոր մոդել է, քան նախագահ Սարգսյանին սպասարկող «Մերսեդես»-ը:

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ-ի միլիոնատեր ղեկավարը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց. - «Պետեկամուտների հայտարարագրում նաև նշված է, թե այդ եկամուտները որտեղից են: Դա իմ եղբայրն է: Նա Ռուսաստանի Դաշնությունում է: Հայտարարագրում գրված է՝ Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ միայն բացակայում են Հովհաննես Հովսեփյանի եղբոր հայտարարագրերը, այլև՝ ՊԵԿ-ի ղեկավարը երբևէ չի ներկայացրել անգամ իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր:

2012թ․ հունիսին «Հետք» պարբերականը հանդես էր եկել հրապարակմամբ, ըստ որի Հովհաննես Հովսեփյանն ու իր հարազատները Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում, ձեռք էին բերել 24 բնակարան, 25 ավտոտնակ և 1 բիզնես տարածք: