Ռուս վազորդներին կարող են թույլ չտալ մասնակցել Ռիոյի Օլիմպիադային

Մելդոնիումի հետ կապված սկանդալի պատճառով ռուսաստանցի վազորդներին կարող են թույլ չտալ մասնակցել 2016 թվականի գլխավոր սպորտային իրադարձությանը՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադային: Այս մասին հայտարարել է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) ղեկավար Ռիչարդ Փաունդը:

Փաունդի խոսքով, Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և WADA-ն «մտադիր չեն վտանգել իրենց հեղինակությունը»:

2015 թվականի նոյեմբերին WADA-ն Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիային մեղադրել էր հակադոպինգային կանոնների բազմակի խախտումների մեջ: Կազմակերպությունը նաև պնդում էր, որ հակադոպինգային մոսկովյան լաբորատորիան զրկվի գործունեության թույլտվությունից, քանի որ «ի վիճակի չէ անկախ աշխատել»: