Բախշյան․ Դպրոցների ինքնավարությունը մեծացնելուն ուղղված միջոցները փոշիացվել են

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյան

Հայաստանի կառավարությունը դեռ 98 թվականին Համաշխարհային բանկից 15 միլիոն դոլար էր վերցրել դպրոցների ինքնավարությունը մեծացնելու, հանրակրթության կառավարման և ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու նպատակով:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը պնդում է՝ այդ միջոցները փոշիացվել են, և դրանց արդյունքը դպրոցներում չի երևում:

«Ոչ միայն այդ 15 միլիոնն է վատնվել, այլ դրանից եկող բոլոր վարկային ծրագրերը, որոնք ներդրվել են հանրակրթության որակը բարեփոխելու համար: Ապակենտրոնացում այդպես էլ չունենք», - ասում է Բախշյանը:

Վարկային ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումներ իրականացնողներն աստիճանաբար բոլոր դպրոցներում ձևավորեցին կառավարման խորհուրդներ՝ դրանց կազմում ընդգրկելով ծնողների, մանկավարժների, ներկայացուցիչների մարզպետարաններից կամ Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունից: Այս խորհուրդներին տրվեց փակ, գաղտնի քվեարկությամբ դպրոցի տնօրեն ընտրելու լիազորություն: Բարեփոխումների համար պատասխանատուները 15 միլիոն, իսկ ավելի ուշ՝ ևս 32 միլիոն դոլար ծախսելուց հետո վստահ են՝ կրթական համակարգը լուրջ բարեփոխումներ է ունեցել, և առաջընթացն ակնհայտ է:

«Դպրոցների կառավարման խորհուրդները հիմնականում կայացած են», - ասում է նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: - «Ես կարծում եմ, որ հիմնականում ժամանակին կազմակերպվում են նիստերը, հաշվետվություններ են լսվում դպրոցների բյուջեների, և դրանով, կարծես, պատասխանատվությունը մեծանում է դպրոցի տնօրենի»:

Նախարարությունում համոզված են, որ Երևանի թիվ 119 դպրոցի խորհուրդը հաջողված է: Տնօրեն Հովհաննես Կարապետյանը դպրոցը ղեկավարում է արդեն 19 տարի: Երկու անգամ խորհրդի կողմից ընտրվել ու նախարարի կողմից տնօրեն է նշանակվել առանց պայքարի: Տնօրենի տեղի համար մրցույթում մրցակից չի ունեցել:

«Մեր բախտը բերել է, մեր համագործակցությունը տալիս է ցանկալի արդյունք, չեն եղել տարաձայնություններ մինչև հիմա», - խորհրդի հետ համատեղ աշխատանքն է նկարագրում միաձայն ընտրված տնօրեն Հովհաննես Կարապետյանը:

Դպրոցի խորհրդի նախագահը Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն է:

«Խորհուրդը մի մարմին է, որը պետք է միասնական աշխատի: Իհարկե, պետք է լինեն հարցերի քննարկումներ, բայց ես միշտ ձգտում եմ, որպեսզի խորհուրդը որոշում կայացնի կոնսենսուսով», - ասում է Պողոսյանը:

Փորձագետները, մինչդեռ, կասկածի տակ են առնում, թե դպրոցների խորհուրդներում հարցեր են բարձրացվում ու տնօրենի նկատմամբ վերահսկողություն սահմանում: Անահիտ Բախշյանը դա ևս կապում է այդ խորհուրդների անկախության պակասի հետ:

Երևանի թիվ 119 դպրոցի խորհրդի նախագահը, մինչդեռ, համաձայն չէ, ասում է՝ «դրա համար ժամանակ է պետք»:

«Մեկ անգամից վերցնել, էդ անկախությունը տալ՝ գուցե մենք կարող ենք վնասե՞լ դրանով ամբողջ կրթության համակարգին», - հարցնում է Արտակ Պողոսյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համոզված է, որ խորհրդի կողմից տնօրենի ընտրությունը ձևական բնույթ է կրում, և ընտրությունների արդյունքում ընտրված տնօրենը երբեք ինքնուրույնություն չի ունենում, քանի դեռ խորհրդի ընտրությունից հետո նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքում են նախարարը, մարզպետը կամ Երևանի քաղաքապետը:

«Վերադասով ընտրված տնօրենը վերադասի հետ կնքում է պայմանագիր ու վերջ, ինքը դառնում է հլու-հնազանդ», - ասում է նա: