Ուղևորները տուժում են, որովհետև «մաֆիան փոխվել ա»

Երկրորդ օրն է, որ մայրաքաղաք հասնելու համար Չարենցավանի ու հարևան գյուղերի բնակիչները ստիպված են տաքսիներից օգտվել. ավտոբուսները չեն գործում երթուղին սպասարկող «Կինգ Դելյուքս» ընկերությունում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով։

Ավտոկայանում հավաքվածները մանրամասներից տեղյակ չէին, միայն լսել էին, որ Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել։

«Չգիտեմ․․․ մաֆիան փոխվել ա, Ծառուկյանը վեկալել ա գիծը», - ասաց մի տարեց չարենցավանցի:

«Գծի տերերը փոխվում են, ընդունում-հանձնում ա, ավտոբուսները փոխվում են, եսիմ ինչ», - ասաց միջին տարիքի մի կին՝ հավելելով, որ ուսանողները չեն կարող իրենց թույլ տալ ամեն օր տաքսիով Երևան գնալ:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը խնդրին տեղյակ էր, բայց պնդեց, թե մեծ ցանկության դեպքում էլ չի կարող օգնել․ - «Էս քաղաքում մի ավտոբուս էլ չկա․․․ որ խնդիր էր լինում, այդ ձեռնարկությունից էինք ավտոբուս վերցնում»:

Գրեթե նույնն է վիճակը Աբովյանոմ։ Չեն աշխատում 259 երթուղու ավտոբուսներն ու «Կինգ Դելյուքսի» տաքսիները։

Կանգառում հավաքվածները բողոքում էին՝ իրենց այդ մասին ոչ ոք չէր զգուշացրել:

Գործարար Արթուր Հարությունյանի հետ չհաջողվեց կապ հաստատել։ Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար ՀՀԿ շարքերից հեռացված Հարությունյանը դեռ ընտրությունների ժամանակ էր բարձրաձայնում Գագիկ Ծառուկյանի ճնշումների մասին։ Պնդում էր, որ Ծառուկյանը հատուկ սատարել է Վահագն Գևորգյանին՝ իրեն խաղից դուրս թողնելու նպատակով, անգամ չէր բացառել, որ երբ մրցակիցն ընտրվի, իր բիզնեսը կտուժի։

Քաղաքապետ Վահագն Գևորգյանը այս պնդումները հիվանդագին երևակայության արդյունք է համարում․ - «Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Եթե մարդը նորմալ տնտեսվարող է, ի՞նչ կապ ունեն մարդու քաղաքական հայացքները․․․ Եթե Արթուր Հարությունյանի բիզնեսը տապալվել է, դա միգուցե սխալ տնտեսվարման արդյունք է»:

Գևորգյանը նշեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որպեսզի Աբովյանում երթևեկությունը չտուժի։ Անձամբ է դիմել բանկերին, պատասխան դեռ չունի․ - «Գրություն եմ ուղարկել բանկերին, որոնց հետ խնդիր կար, որ «Կինգ Դելյուքսի» այս գործընթացը, որ գնում է, մինչև ավարտը գոնե տեխնիկական միջոցները, տրանսպորտային միջոցները, եթե դա հնարավոր է, հանձնեն թեկուզ ժամանակավորապես մի հատ ընկերության»:

Պատասխանատուն՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղյակ չէր, որ արդեն մի քանի օր է չարենցավանցիներն ու աբովյանցիները դժվարությումբ են հասնում Երևան։ Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, թե հարկ եղած դեպքում իրենք կգտնեն ժամանակավոր փոխադրող՝ չկոնկրետացնելով, սակայն, ժամկետները։