Կիևում ցուցարարները գրոհել են ռուսական բանկերը

Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ իշխանությունից հեռացմանը հանգեցրած «Եվրոմայդանի» երկրորդ տարեդարձի կապակցությամբ Կիևում անցկացվող ցույցերին մասնակցող ազգայնականները քարեր են նետել ռուսական «Ալֆա Բանկ»-ի և «Սբերբանկ»-ի գրասենյակների ուղղությամբ և թալանել դրանք: Ոստիկանությունը չի միջամտել:

Փետրվարի 20-ը համարվում է «Եվրոմայդանի» ցույցերի ամենաարյունալի օրը, երբ ոստիկանների հետ բախումներում և դիպուկահարների կրակոցներից ավելի քան 50 մարդ զոհվեց: Ուկրաինայում այդ օրը նշվում է որպես «Երկնային հարյուրյակի» օր՝ ի հիշատակ ցույցերի ժամանակ զոհվածների:

«Եվրոմայդանի» ցույցերը սկիզբ առան այն բանից հետո, երբ նախագահ Յանուկովիչը որոշեց հրաժարվել Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրումից: