Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին:
Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, Ղարաբաղում է փետրվարի 11-ից՝ Հայաստանի և Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում։
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը եղել է նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին: