Տարեց պոլսահայերի տունը թալանելու մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

Անցած շաբաթավերջին Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիրճի ընտանիքի տունը թալանելու մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են Տրապիզոնում։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ Ստամբուլի և Տրապիզոնի ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքում հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել Հայաստանի և Վրաստանի 8 քաղաքացու (5 կին և 3 տղամարդ), որոնք գողոնի հետ միասին Ստամբուլից ինքնաթիռով մեկնել են Տրապիզոն` ծրագրելով այնտեղից հատել թուրք-վրացական սահմանը:

Ոստիկանության հաղորդմամբ` ձերբակալվածներից 3-ը փետրվարի 6-ին մտել էին պոլսահայ տարեց ամուսիններ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի Շիշլիի Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան, պարաններով կապել տանտերերի ոտքերն ու ձեռքերը և հափշտակել տանը եղած թանկարժեք իրերն ու խոշոր գումարը:

Աղախինը ոստիկանություն էր կանչել այն բանից հետո, երբ բնակարանի դուռը ոչ ոք չէր բացել․ միայն հրշեջների օգնությամբ է հաջողվել ներս մտնել ու հայտնաբերել կապված ամուսիններին:

Կապանքների և ստացած հարվածների հետևանքով Հակոբ Դեմիրջին մահացել է, իսկ նրա կինը ծանր վիճակում հիվանդանոցում է:

Ձերբակալվածներին ուղարկել են Ստամբուլ, որտեղ նրանք հարցաքննվելու են: Հետաքննությունը շարունակվում է:

Սա առաջին դեպքը չէ, երբ տարեց հայերը հայտնվում են ազգակից հանցագործների թիրախում: 2012 թվականի դեկտեմբերին Ստամբուլի Սամաթիա թաղամասում գողության զոհ էր դարձել 83-ամյա հայազգի Սուլթան Աքյարը, իսկ 85-ամյա Մարիսա Քյուչուկը դաժանաբար սպանվել էր սեփական բնակարանում: Հետագայում հայտնաբերված հանցագործը պոլսահայ Մուրադ Նազարյանն էր: Այս գործով դատավարությունը դեռ չի ավարտվել: