Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում քննարկել են Վրաստան-ԵՄ համագործակցության զարգացումը։
Վրացական կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, «հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից բխող՝ Վրաստանում անցկացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր»։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է «վիզայի ազատականացման՝ հաջողությամբ ավարտին հասցված գործընթացը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում»։
Վրաստանի վարչապետի այսօր մեկնարկած երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Եվրամիության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ևս։ Կվիրիկաշվիլիի այցը Բրյուսել առաջինն է վարչապետի պաշտոնում նրա նշանակվելուց հետո։