Երևանում հանդիպում են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի, արխիվ

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այսօր նախարարության վարչական համալիրում տեղի է ունենում վրացական պատվիրակության և Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպում` երկու երկրների միջև 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ:

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ ասուլիսը:

Այցի ընթացքում նախատեսված են վրացական պատվիրակության հանդիպումները նաև Հայաստանի նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի և արտգործնախարարի հետ: