Չեխիայի և Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ և առաջ Ադրբեջանի համար: Այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը երեկ Պրահայում Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ հանդիպման ժամանակ:
«Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ», - ԱԺ փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:
Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Չեխիայի Սենատի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, կարևորվել են փոխայցելությունները և գործնական սերտ շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:
Կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Շարմազանովն ու Շկրոմախը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը նշել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
Հանդիպման ավարտին Շարմազանովը Շկրոմախին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան: