Քաղաքապետ. Արձակուրդների երկարաձգումը չի անդրադառնա աշխատավարձերի վրա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ այսօր հերթական խորհրդակցության ժամանակ:

«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ», - քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Մարգարյանը:

Հիշեցնենք, համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու, վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հունվարի 7-ին դիմել էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան` դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով։