Դիարբեքիրում պայթեցվել է ոստիկանության շենքն ու հարակից կառույցը

Փրկարարներն աշխատում են Դիարբեքիրի ոստիկանության պայթեցված շենքի փլատակների վրա, 14-ը հունվարի, 2016թ․

Պայթյունների և հաջորդած կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 3-ը՝ մանկահասակ երեխաներ: Եվս 39-ը վիրավորվել են, այդ թվում՝ 6 ոստիկան:

Երեկ գիշեր Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար շրջանում պայթեցվել են շրջանի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարևանությամբ գտնվող՝ անվտանգության աշխատակիցների կողմից բնակեցված կառույցը։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի և դրան հաջորդած կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 3-ը՝ մանկահասակ երեխաներ: Եվս 39-ը վիրավորվել են, այդ թվում՝ 6 ոստիկան։ Պաշտոնական Անկարան արդեն իսկ կատարվածի մեջ մեղադրել է Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) զինյալներին:

Պայթեցված շենքերն ամբողջովին փլատակների են վերածվել։ Դիարբեքիրի նահանգապետարանում ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։ Թուրքական ոստիկանությունը մեղավորներին հայտնաբերելու նպատակով հատուկ գործողություններ է ձեռնարկել, երկու կասկածյալ ձերբակալված է։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հանդես է եկել Դիարբեքիրի հարձակումը դատապարտող հայտարարությամբ։ Նախագահ Թայիփ Էրդողանն էլ քուրդ զինյալներին ահաբեկիչներ է անվանել՝ նրանց գործողությունները «ստոր և անբարո արարք» որակելով։

ՔԲԿ-ի զինյալների գործողությունները կանխելու նպատակով անվտանգության միջոցառումներ են իրականացվում նաև քրդաբնակ մյուս շրջաններում, մասնավորապես՝ Մարդին և Շըրնաք նահանգներում։ Երեկ երեկոյան Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռի մեջ զենքով լի պայուսակ է հայտնաբերվել, 7 ուղևոր ինքնաթիռից իջեցվել է։

Շուրջ երկու ամիս չդադարող թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրի Սուր վարչական շրջանի 6 թաղամասերում դեկտեմբերի 2-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված։ Շրջանում փողոց դուրս գալու սահմանափակունը դեկտեմբերի 10-ին հանվել էր, սակայն, հաջորդ օրն իսկ վերականգնվել էր: Դիարբեքիրում տիրող լարված իրադրության հետևանքով մարդկանց առօրյա կյանքը խափանված է. փակ են քաղաքի խանութներն ու կրպակները, չի աշխատում քաղաքային տրանսպորտը, մարդիկ վախենում են գնալ աշխատանքի, երեխաներն էլ` դպրոց։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի 5 իրավաբաններ մի շարք քրդաբնակ շրջաններում պարետային ժամը դադարեցնելու համար միջամտության խնդրանքով անցած շաբաթ դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ներկայացված դիմումը դատարանի կողմից մերժվել է։