Քեյթ Ուինսլեթը «Սթիվ Ջոբս» ֆիլմում խաղացած դերի համար արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի

Քեյթ Ուինսլեթը՝ «Ոսկե գլոբուս» մրցանակով, 10-ը հունվարի, 2016թ.

Նրա մարմնավորած կերպարը՝ հայազգի միգրանտ Ջոաննա Հոֆմանը Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի անվախ օգնականն էր։

«Սթիվ Ջոբս» ֆիլմում Լեհաստանից հայազգի միգրանտի կերպարը մարմնավորելու համար հանրահայտ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել։ Կինոաշխարհի հեղինակավոր այս մրցանակը նա ստացել է երկրորդ պլանի դերի անվանակարգում։

Մրցանակաբաշխությունից հետո CBS-ը մեծ հարցազրույց է հրապարակել բրիտանացի հայտնի դերասանուհու հետ՝ հիշեցնելով, որ նրա մարմնավորած կերպարը՝ հայազգի միգրանտ Ջոաննա Հոֆմանը Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի անվախ օգնականն էր, նրա թիկունքի առաջին անդամներից և մարքեթինգի պատասխանատուն։

Ջոաննա Հոֆմանը Սթիվ Ջոբսի աջ ձեռքն էր համարվում, երբ Ջոբսի թիմը աշխատում էր «Մակինտոշ» համակարգչի վրա։

«Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի, «Ընթերցողը» (The Reader) ֆիլմով «Օսկար»-ի մրցանակի դափնեկիր Քեյթ Ուինսլեթը «Սթիվ Ջոբս» ֆիլմով չորրորդ անգամ ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը։

CBS-ին նա պատմել է, որ ցանկանալով ստանալ Ջոաննա Հոֆմանի դերը՝ սելֆի էր արել և ուղարկել ֆիլմի պրոդյուսերին։ «Ջոաննան որևէ շպար չէր օգտագործում։ Ես կարճ, սև մազերով կեղծամ և ակնոցներ հագա, և այդ տեսքով ֆոտոներից մեկը ուղարկեցի Սքոթ Ռուդինին», - պատմել է դերասանուհին CBS-ին։

Իսկ երբ արդեն ստացել է այդ դերը՝ բրիտանացի դերասանուհին աշխատել է յուրացնել հերոսուհու նույնիսկ ակցենտը։ «Հիշում եմ, ես զանգահարեցի իսկական Ջոաննային՝ լսելու համար նրա իրական խոսքը։ Այն տարբեր է, ինչ որ ես վերջին հաշվով արեցի ֆիլմում, տարբեր է մի պարզ պատճառով՝ նրա ձայնի տոնայնությունը իմից մեկ աստիճան բարձր է։ Հիշում եմ, երբ նրա հետ առաջին անգամ խոսեցի և նրան ասացի՝ «բարև, Ջոաննա, սա Քեյթ Ուինսլեթն է», և նա պատասխանեց՝ «բարև, ինչպե՞ս եք, շատ ուրախ եմ լսել ձեզ, իրոք հրաշալի է»։ Լսելով նրան՝ ես մտածեցի՝ «օ, տեր Աստված, ես չեմ կարող դա անել, երկու ժամանոց ֆիլմում ես չեմ կարող դիմանալ», - անկեղծացել է Ուինսլեթը CBS-ի հարցազրույցում։

Կիրակի օրը Լոս Անջելեսում անցկացված արարողությանը երբ հայտարարվեց Քեյթ Ուինսլեթի անունը, ստանալով մրցանակը՝ նա ասաց, թե զարմացած է, չէր սպասում, որ մրցանակն իրեն կշնորհվի, և սա իր համար մեծ անակնկալ է։

Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում «Սթիվ Ջոբս»-ի մասին պատմող ֆիլմը երկու մրցանակ ստացավ՝ լավագույնն է ճանաչվել նաև ֆիլմի սցենարը, որը գրել է «Օսկար»-ի մրցանակակիր Ահարոն Սորկինը։