Նկատողություն Երևանի տրանսպորտի վարչության պետին

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան, արխիվ

Տարեսկզբին մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անբավարար:

«Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես զանգեմ ձեզ այդ հարցով: Նման աշխատաոճն անընդունելի է, հետևություն արեք այդ ամենից: Այդ թվում նաև «Ավտոբուս» և «Երևանտրանս» ընկերությունների տնօրեններին է վերաբերում հորդորս», - քաղաքապետարանի փոխանցմամբ, ասել է Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Ըստ քաղաքապետարանի, Մարգարյանը նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: