ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել ղարաբաղյան հակամարտության հետագա շիկացումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը խորը մտահոգության առիթ է տալիս և անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը:

«Մենք մեծ տագնապով ենք հետևում Կովկասում այսօր տեղի ունեցող զարգացումներին, հատկապես ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ շփման գծում, և այն փաստին, որ այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր են օգտագործվում, կան մարդկային զոհեր: Ես կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել և ոչ մի դեպքում թույլ չտալ իրավիճակի ապակայունացում: Որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման», - ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բորդյուժան:

Բորդյուժան ընդգծել է, որ անհրաժեշտ է «նախևառաջ գործադրել քաղաքական լծակներ», օգտագործել պետությունների ղեկավարների հեղինակությունը: Նա նաև կոչ է արել ՀԱՊԿ անդամներին քայլեր ձեռնարկել վիճակը խաղաղեցնելու և կրակոցները դադարեցնելու ուղղությամբ:

Ռուսաստան -- ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը Մոսկվայում, 21-ը դեկտեմբերի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Մոսկվայում աննախադեպ քննադատության էր ենթարկել ՀԱՊԿ-ը՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի կիրառում իր կանոնադրության համապատասխան հոդվածը:

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի, Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք ...

Նախագահի այդ հայտարարությունից մեկ օր անց էլ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց՝ «սա պատերազմ է, և ես կխնդրեի ձեր ընդհանուր գրական տերմինաբանության մեջ օգտագործել և՛ «պատերազմ» բառը, և՛ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»։