Էրդողանը Պուտինին մեղադրում է ստախոսության մեջ

Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ ստել է՝ պնդելով, որ երբեք չի լսել թուրքոմանների մասին, և որ իրենց «ոչ ոք ոչինչ չի ասել այդ մասին»:

«Բոլոր հանդիպումների ընթացքում Ռուսաստանը տեղյակ պահվում էր, որ Սիրիայի թուրքոմանական շրջաններում «Դաեշ» [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը] չկա: Այնտեղ ապրում են Բայըրբուջակի թուրքոմանները: Ինչպես տեսնում ենք՝ այդ տեղեկատվությունը անտեսվել է: Նրանք ռմբակոծում և սպանում են մեր հայրենակիցներին: Թուրքոմանները չեն լքում իրենց հողերը՝ պաշտպանվելով ռուսական բանակի և [Սիրիայի] ռեժիմի ուժերի մշտական հարձակումներից»,- թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:

«Ես անձամբ եմ բացատրել նրան [Պուտինին] այդ ամենը: Ինչպե՞ս կարելի է ժխտել դա: Բայց նա ինչպես միշտ ստում է և շարունակում է ստել: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Ես անձամբ եմ այդ մասին պատմել Օբամային՝ նա տեղյակ է իրադարձությունների ընթացքին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Թուրքիայի ժողովրդական դիվանագիտություն» խորագրով միջոցառման ժամանակ Էրդողանը ևս մեկ անգամ պնդել է, թե Ռուսաստանը ոչ թե ահաբեկիչների դեմ է պատերազմում, այլ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ընդդիմության: