ՀՀԿ-ն «ձևական» է համարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է, թե Հայաստանի հանրության, ռազմաքաղաքական ղեկավարության համար այլևս անընդունելի է ՀԱՊԿ-ի մոտեցումը Հայաստանի անվտանգության խնդիրներին:

«Մենք ձևական բնույթի որևէ համագործակցություն ճիշտ չենք համարում և ուզում ենք, որ այդ ամեն ինչը լինի իրական և իրատեսական», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում աննախադեպ քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ը՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի կիրառում իր կանոնադրության համապատասխան հոդվածը:

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի, Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված»,- Հայաստանի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը։

Շուրջ քառորդ դար գործող կազմակերպության գագաթնաժողովին նախագահ Սարգսյանը բերել է ՆԱՏՕ-ի օրինակը՝ հայտարարելով, որ խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակը ցույց տվեց, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը, և որ պետք է դասեր քաղել Հյուսիսատլանտյան դաշինքից:

Բաղդասարյանի խոսքով, Մոսկվայում Սերժ Սարգսյանը կոչ արեց՝ իրագործել ՀԱՊԿ-ի կանոնադրությունում գրվածը․ - «ՀԱՊԿ-ը հենց կոչված է իրենց պարտականությունները կատարելու համար, և իրոք մենք թղթի վրա շատ գեղեցիկ տողերով նշել ենք, որ որևէ մի երկրի պրոբլեմը դա ՀԱՊԿ-ի պրոբլեմն է, և պարզապես դա մնացել է միայն թղթի վրա»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ դաշինքի այլ անդամ-երկրների ղեկավարներին հրապարակավ քննադատելը ցույց է տալիս Սերժ Սարգսյանի թուլությունը:

«Դա միայն նշանակում է, որ չի հաջողվել այս տարիների ընթացքում այնպիսի դաշնակցային հարաբերություններ հաստատել, որ հնարավոր լիներ աշխատանքային քննարկում անել, այլ ոչ թե հրապարակային մեղադրանքներ հնչեցնել», - ասաց Վլադիմիր Կարապետյանը:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն ներկայացրեց որպես դրական օրինակ:

«ՀԱՊԿ-ում, բնականաբար, շատ երկրների համար ՆԱՏՕ-ի օրինակը ամենացավալին էր: Սառը ցնցուղ էր շատերի համար լսելը այդ ձևակերպումը, օրինակը», - ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը ընդգծեց՝ մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը չգործող կառույց է․ - «ՀԱՊԿ-ը դա միշտ է ցույց տվել, ես դրա համար միշտ էլ գնահատել եմ իրեն ավելի շատ որպես կառույց, որը թղթի վրա է նկարագրված և իրականում իրենից անատամ կազմակերպություն էր ներկայացնում, որովհետև նույնիսկ իրենք ալարում էին շատ ժամանակ լուրջ հայտարարություններ ընդունել տարբեր խնդիրների մասին»: