Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ից պահանջում են ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ

Իրաքի իշխանությունները պաշտոնապես դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով ստիպել Թուրքիային դուրս բերել իր ստորաբաժանումները երկրի հյուսիսից: Նման բովանդակության նամակով ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան, այս ամիս խորհրդի նախագահությունն իրականացնող Սամանթա Փաուերին է դիմել կազմակերպությունում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Ալխաիմը:

«Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերը ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի, ինչպես նաև Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարում են»,- նշել է իրաքցի դիվանագետը:

«ՄԱԿ-ին դիմելն, իհարկե, Բաղդադի իրավունքն է, սակայն դա անազնիվ քայլ է նրանց կողմից»,- հակադարձելով պաշտոնական Բաղդադի գործողություններին՝ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե թուրք զինվորականները Իրաքի հյուսիսում զբաղված են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտնչող քուրդ զինծառայողների վարժանքները կազմակերպելով: