Կանադայի վարչապետը անձամբ ողջունեց սիրիահայ փախստականի ընտանիքին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտանիքի հետ, հոկտեմբեր, 2015թ.

Կանադան ընդունեց սիրիացի փախստականների առաջին խմբին, որում սիրիահայ ընտանիքներ կան:

Հինգշաբթի ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք կատարեց կանադական ռազմատրանսպորտային օդանավը, որը Հորդանանից 163 սիրիացի փախստականների տեղափոխեց Կանադա: Նրանց դիմավորեց վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով խոստացել էր, որ Կանադան կառավարական ծրագրով 25 հազար սիրիացի ներգաղթյալների կընդունի:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Թրյուդոյի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և երիտասարդ քաղաքական գործիչը դարձավ վարչապետ:

Տորոնտոյի օդանավակայանում նա անձամբ դիմավորել է սիրիացի փախստականներին, զրուցել նրանց հետ, տաք հագուստներ տվել: Առաջին ներգաղթյալներից մեկը, ում հետ թարգմանչի օգնությամբ վարչապետը շփվել է, Հալեպից գինեկոլոգ Գևորգ Ժամկոչյանն էր, նրա կինը՝ Գեորգիա Զիրեսը, և մեկուկես տարին դեռ չբոլորած դուստրը՝ Մադլենը: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Իսկ GlobalNews կանադական կայքը տեսանյութեր է տեղադրել, ցուցադրելով ներգաղթյալների ժամանումն ու նրանց ողջունող, նրանց հետ զրուցող վարչապետին:

«Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը»,-ասել է Գևորգ Ժամկոչյանը վարչապետին:

«Զգացեք Ձեզ ինչպես տանը: Բարի գալուստ Ձեր նոր տուն», - պատասխանել է Ջասթին Թրյուդոն:

Ժամկոչյանը ասել է․ - «Մենք շատ ենք տառապել: Մենք այնպիսի զգացողություն ունենք, ասես դժոխքից դուրս ենք եկել ու մտել դրախտ»:

Associated Press-ը գրում է նաև Գրեգ Կեոշկերյանի մասին, ով օդանավակայանում սպասում էր իր ընկերոջը: Նա նույնպես սիրիացի փախստական է, 10 ամիս է բնակվում է Կանադայում և ասել է, թե մտադիր չէ ԱՄՆ-ին դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար:

«Կանադան հյուրընկալ է: Միացյալ Նահանգները թվում է այսպես չէ: Այստեղ մարդիկ հարգում են միմյանց, բազմամշակութային միջավայր կա: Իմ բոլոր ընկերները հիմա հարցնում են Կանադայի մասին, հետաքրքրվում են՝ ինչպես կարող են այստեղ գալ: Երկու շաբաթից մեկ ուրիշ չվերթ է լինելու, որով ևս գալու են մի քանի ընկերներս»,- ասել է նա:

Reuters-ը գրում է՝ փախստականները և անհատ հովանավորները իրենց ոգևորությունն են հայտնում, որ Հորդանանի ու Լիբանանի փախստականների ճամբարներում անվտանգության և առողջապահական ստուգումներից հետո ներգաղթյալների առաջին խմբերը ժամանում են Կանադա:

Տորոնտոյի հայկական համայնքի համակարգող Լորիգ Գարբուշյան-Կաթրջյանը ասել է, թե «բոլորը ոգևորված են ու պատրաստ»: Reuters-ը նշում է, որ հայ համայնքը հովանավորում է առաջին օդանավով տեղ հասած ներգաղթյալներից 71-ին: «Սա նրանց վերջնական կանգառն է նոր կյանք սկսելու համար»,- ասել է Տորոնտոյի հայ համայնքի համակարգողը:

Ներգաղթյալներին առաջին հերթին բաժանվել են ձմեռային տաք հագուստ, ծածկոցներ:

Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել այս գործը կազմակերպողներին և կամավորներին, ասելով, թե ոչ միայն ներգաղթյալները, այլև ամբողջ աշխարհը տեսնում է Կանադայի հյուրընկալությունը:

Հաջորդ օդանավը սիրիացի փախստականների երկրորդ խմբին Կանադա է տեղափոխելու շաբաթ օրը: Նրանք ժամանելու են Մոնրեալ:

Associated Press-ը նշում է, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների` Կանադան հյուրընկալորեն ընդունում է ներգաղթյալներին: