ԵՄ․ «Առանց խախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության, հանրաքվեն կդառնա մեկ այլ բաց թողնված հնարավորություն»

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է:

«Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևել է 2013 թվականից մեկնարկած` սահմանադրական բարեփոխումների գործընթացին և Վենետիկի հանձնաժողովի տված երկու՝ հիմնականում դրական եզրակացություններին, որին ԵՄ-ն սատարում է, որպես Եվրոպայում սահմանադրական նորմերի դրոշակակիր կառույցի:

Մենք ի գիտություն ենք ընդունում 2015 թ․դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները: Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն:

Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման` հանրաքվեն կհանդիսանա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացներինկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից:

Հանրաքվեի վերջնական արդյունքների պաշտոնապես հաստատման պարագայում, մենք ընդգծում ենք, որ կաևոր է կիրառել նոր Սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա:

Մենք վերստին ընդգծում ենք, որ կարևոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ:

Հիմնվելով երկկողմ համագործակցության ապագա նոր իրավական շրջանակի վրա և Արևելյան գործընկերության ավելի ընդարձակ հեռանկարում՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ներքին քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացին»: