Միյատովիչը ՀՀ իշխանությանը կոչ է արել ապահովել ազատ աշխատելու լրագրողների իրավունքը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի և նրանց ուղղված սպառնալիքների առնչությամբ։

ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ մի շարք լրագրողների խոչընդոտել են իրենց պարտականությունները կատարել հանրաքվեի օրը։ Հատուկ ներկայացուցիչը մասնավորապես նշել է լրագրողներ Ռաֆայել Աֆրիկյանի (iLur.am), Անուշ Մկրտչյանի («Ազատություն» ռադիոկայան) և Դիանա Ղազարյանի (Hetq.am) դեպքերը։

«Ես կոչ եմ անում իշխանություններին խորապես ուսումնասիրել լրագրողների իրավունքների խախտմանը վերաբերող այս բոլոր միջադեպերը»,- ասել է Միյատովիչը՝ հավելելով.- «Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը չի կարելի հանդուրժել»։

Միյատովիչը ընդգծել է հանրային իրադարձությունները լուսաբանելու լրագրողների իրավունքը և նշել, որ դա պետք է արվի անվտանգ և ազատ մթնոլորտում։

«Այս տարի հունիսին հատուկ ներկայացուցիչը կոչ էր արել իշխանություններին հետաքննել երևանյան ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ բռնի գործողությունները։ Հետաքննության արդյունքները այս պահի դրությամբ չեն ներկայացվել»,- ասված է ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում։