Սերժ Սարգսյան. «Խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է»

Your browser doesn’t support HTML5

Սերժ Սարգսյան. «Խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է»

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան նախագահի նստավայրում հյուրընկալված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների առջև ունեցած ելույթում արդեն իրականություն է համարել կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի Հանրապետության համար։

«Դա նշանակում է ուժեղ իշխանության և ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաև զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: Այսուհետ հստակեցվում է գործադիր իշխանության պատասխանատվությունը և բարձրանում է նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի և ժողովրդի համար դառնում է ավելի կանխատեսելի»,- ասել է նախագահը։

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, թե երեկ Հայաստանը ընտրել է երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ:

«Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է»,- ասել է նա։

Ըստ նախագահի՝ այս փոփոխությունները նաև թույլ են տալիս ավելի վստահ լինել պետության անվտանգության ապահովման հարցում, զինված ուժերի ղեկավարումը և օպերատիվ կառավարումն ապահովող սահմանադրական լուծումները թույլ են տալիս արագ և արդյունավետ որոշումներ կայացնել թե՛ սովորական դարձած, և թե՛ ճգնաժամային իրավիճակներում:

«Շատ շատերիս հիմնական մտահոգություններից մեկը եղել է ազգային անվտանգության ու պաշտպանության խնդիրների վրա այս փոփոխությունների ազդեցությունը: Հավատացեք, որ այստեղ միլիմետրի ճշգրտությամբ ամեն ինչ հաշվարկել ենք: Հակառակ պարագայում՝ նվազագույն իսկ վտանգի դեպքում, ես ինքս կկասեցնեի այս գործընթացը»,- վստահեցրել է նա։

Սերժ Սարգսյանը դրական է համարել այն, որ քարոզարշավի ընթացքում իր ղեկավարած կուսակցությունից բացի «այո» էին քարոզում Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ, սակայն նաև նշել է՝ այդ «այո»-ն չէր նշանակում, որ իրենց մեջ տարաձայնություններ, բանավեճեր և սուր քննարկումներ չեն եղել.- «Վստահ եմ, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության»։

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Սահմանադրության փոփոխությանը հետևելիք օրենսդրական փոփոխություններին։

«Այսօր ևեթ պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչև 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»,- ասել է նա՝ պատրաստակամություն հայտնելով ամենաբաց քննարկումներ անցկացնել Ընտրական օրենսգրքի շուրջ «բոլոր հնարավոր ձևաչափերում».- «Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին»:

Սարգսյանը նաև խոսել է քաղաքական ուժերի և հանրության վստահության մասին.- «Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ՝ որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարևորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը: Ընտրությունների արդյունքում չպետք է լինեն ամեն ինչ ստացողներ և ամեն ինչ կորցնողներ»։