Երեկ Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի Արիհա բնակավայրում ենթադրաբար ռուսական օդուժի հարվածներից առնվազն 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ապստամբների կողմից վերահսկվող այդ շրջանի փրկարարներին:
Ըստ նույն աղբյուրի՝ օդային հարված է հասցվել Արիհայի շուկային:
«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհվածների թվում չորս երեխա կա և «ընդդիմության մի ղեկավար անդամ»:
Տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ ռուսական կողմից Reuters-ը դեռ չի ստացել:
Իդլիբը ապստամբների, այդ թվում՝ «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման վերահսկողության տակ է անցել ամիսներ առաջ:
Սիրիայում ռուսական օդուժը, հիշեցնենք, ուժեղացրել է հարվածները Թուրքիայի սահմանի մերձակայքում՝ անցած շաբաթ թուրքական զինուժի կողմից ռուսական օդանավի խոցման միջադեպից հետո: