Մահացել է կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը

Էլդար Ռյազանով

Կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի կինոռեժիսոր, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Այդ մասին այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են ռեժիսորի ընտանիքից:

Ռեժիսորի մահվան պատճառ է դարձել սրտի սուր անբավարարությունը: Ռյազանովը նոյեմբերի 21-ին տեղափոխվել էր հիվանդանոց, նախորդ երկու ամիսներին ևս բուժում էր անցել, անցած տարվա նոյեմբերից էլ մի քանի ամիս եղել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Ռյազանովը նկարահանել է շուրջ երեք տասնյակ ֆիլմեր, որոնք գրեթե բոլորը խորհրդային և ռուսական կինոյի դասական ստեղծագործություններ են համարվում, այդ թվում՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանքը, կամ Բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները: