Լավրովը չեղյալ հայտարարեց այցը Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրուցում է լրագրողների հետ, Սոչի, 24-ը նոյեմբերի, 2015թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 25-ին ծրագրված իր այցը Թուրքիա։ «Որոշում է ընդունվել վաղը Ստամբուլում ծրագրված՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարների մակարդակով հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լավրովը։

Նախատեսվում էր, որ վաղը կայանալու է Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի հինգերորդ նիստը։

Սերգեյ Լավրովը հայտարարել է նաև, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական սպառնալիքն աճում է՝ «և դա անկախ այն դեպքից, որ այսօր տեղի ունեցավ»։

Ահաբեկչության վտանգը Թուրքիայից պակաս չէ, քան Եգիպտոսից, և Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Թուրքիա, շեշտել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։