Ահնիձորցի բարձր դասարանցիների համար դպրոցի ճամփան դժվար է, երկար

Ահնիձորում ավագ դպրոց չկա, ոչ էլ հարևան Լորուտ հասնելու համար միջհամայնքային տրանսպորտ։ Երեխաները 7 կմ քայլում են դպրոց գնալու համար։

Մխիթարյանների ընտանիքը պատրաստվում է հեռանալ հայրենի գյուղից. Ահնիձորում ավագ դպրոց չկա, բարձր դասարանցիներ ունեցող ընտանիքը հաջորդ ուսումնական տարվա համար այլ լուծում չի տեսնում:

«Մենք ինչքան անասուն ունեինք, ծախել ենք, որ տեղափոխվենք քաղաք»։

Ահնիձորում այսօրվա դրությամբ 8 երեխա կա, ովքեր ավարտել են գյուղի հիմնական դպրոցն ու Լորուտի միջնակարգ դպրոցում են շարունակում իրենց ուսումը։ Բայց ծնողները վհատված են՝ Լորուտ տանող միջհամայնքային տրանսպորտ չկա, և երեխաներն ամեն օր տարբեր միջոցներով, հիմնականում ոտքով կտրում-անցնում են 7 կմ դժվարանցանելի ճանապարհը։

«Շատ ժամանակ երեխեք են՝ ուշացած գնում են, էնտեղից էլ հոգնած գալիս են։ Էլ նորմալ դաս չեն անում, ոնց որ կիսատ-պռատ մի բան ա ստացվում»։

Համագյուղացիներ Տաթևն ու Քրիստինեն ասում են՝ իրենց երեխաների համար 7 կիլոմետրը գրեթե անհաղթահարելի խոչընդոտ է:

«Էս երեք շաբաթվա մեջ 4-5 անգամ են դպրոց գնացել։ Շատերի երեխեքը հիվանդ են։ Իմ տղան հարթաթաթ ա։ Դժվար ա քայլում»։ «Իմ երեխան էլ երևանյան հիվանդություն ունի, ոտքով գնում ա, ոտքով գալիս ա»։

Ժամանակին գյուղում ավտոբուս է գործել, որը երեխաներին Լորուտի դպրոց է հասցրել ու ետ բերել։ Ծնողներն ամսական 3000-ական դրամ են վճարել վարորդին, գյուղապետարանն էլ աշխատավարձ է սահմանել, սակայն այս տարվանից Ահնիձորի գյուղապետը հայտարարում է, որ այլևս միջոցներ չունեն վարորդ պահելու համար: Անգործ մնացած վարորդն էլ երեք անգամ ավելացրել է ուղեվարձը։ Ծնողները, մինչդեռ, հրաժարվում են ամսական 9000 դրամ միայն երեխաների տեղափոխման համար վճարել։ «Ծնողներն ի վիճակի չեն, ոչ մեկս ի վիճակի չենք էդ գումարը տանք»։

Ահնիձորի հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Մաթևոսյանը տեղյակ է այս մասին, բայց մեծ խնդիր չի համարում։ «9000 դրամ են ուզում, էդ ի՞նչ մեծ բան են ուզում։ Մեր ժամանակ ոնց էին ոտքով գնում..., քայլելը մարդու համար է»,- ասում է ու շարունակում.- «Եթե գրքի փողը հավաքում-տալիս են, մեքենայի փողը ո՞նց չտան»։

Ծնողները հակադարձում են՝ «քարի դարում ենք ապրո՞ւմ»։

Մի քանի օր առաջ ահնիձորցի 8 երեխաների ծնողները հավաքվել ու դիմել են Լոռու մարզպետին՝ խնդրանքով, որ ապահովի դպրոցահասակ երեխաների՝ Սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթության իրավունքը։ Մինչ մարզպետարանից պատասխան կստանան, Ալավերդիում գործող համայնքային համախմբման և աջակցության կենտրոնն ուսումնասիրել է խնդիրն ու պարզել, որ 2011 թվականից սկսած գյուղերում հանրակրթական ուսում ստանալու հնարավորություն չունեցող երեխաներին ամեն օր այլ համայնք տանել-բերելու կամ տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար պետական բյուջեով մոտ 55 միլիոն դրամ է նախատեսված, սակայն այդ գումարի ընդամենը կես տոկոսը՝ մոտ 270 հազար դրամ է հասնում Լոռու մարզ։ 55 միլիոնի առյուծի բաժինը՝ գրեթե կեսը, Սյունիքի մարզին է հատկացվում։

Ուսումնասիրություն իրականացրած կազմակերպության տնօրեն Օլեգ Դուլգարյանը եղել է մարզի 13 գյուղերում և պարզել, որ հիմնական դպրոցն ավարտող երեխաների կեսը կրթությունը շարունակում է հարևան համայնքներում:

«Գյուղերի 53 տոկոսը ընդհանրապես որևէ միջհամայնքային տրանսպորտ չունի։ Եթե երեխան գնում է միջնակարգ դպրոց, դա նշանակում է, որ օրը 3-10 կմ քայլում է, որպեսզի գնա հարևան համայնքի դպրոց»,- ասում է Դուլգարյանը։

Ահնիձորի դպրոցի տնօրեն Համլետ Մաթևոսյանը, որ ծնողների կողմից հարցը բարձրացնելն անհարկի էր համարում, պետական բյուջեով նախատեսված այս գումարների մասին տեղեկանալուց հետո զարմացավ.- «Կես տոկոսը Լոռու մարզին, 50 տոկոսը Սյունիքի մարզի՞ն։ Դե, նրանց մարզպետն ասում են ուժեղ ա, մեր մարզպետն էլ բարի ա... հիմա աշխարհը ուժի վրա է՞, թե՞ բարության վրա, չեմ իմանում»։