Կրեմլում սխալ են համարում ռուսական Су-24 օդանավի հետ կապված միջադեպի՝ ռուս-թուրքական հարաբերությունների համար որևէ հետևանքների մասին այժմ խոսելը:
«Ճիշտ չէր լինի այժմ որևէ գնահատականներ տալը, ենթադրություններ և որևէ եզրակացություններ անելը, մինչև չունենանք լիակատար պատկերը», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով պաշտոնական Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցին:
«Այստեղ պետք է զինվել համբերությամբ, սա շատ լուրջ պատահար է, սակայն, կրկին, չունենալով լիարժեք տեղեկատվություն՝ ինչ-որ բան խոսելն ուղղակի անհնար է և սխալ կլիներ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Կրեմլի խոսնակը:
Միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, հնարավոր է, գնահատական կտա Су-24-ի հետ կապված միջադեպին: «Մենք հավաստի գիտենք, որ օդանավը գտնվում էր Սիրիայի օդային տարածքում, Սիրիայի տարածքի վրա», - ասել է նա:
Հարցին էլ, թե արդյոք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վաղը նախատեսված այցը Թուրքիա չեղյալ կհայտարարվի, Դմիտրի Պեսկովն արձագանքել է․ - «Զանգահարեք արտաքին գործերի նախարարություն»: