Վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

Վարդուհի Վարդերեսյան, արխիվ

Այսօր 87 տարեկան հասակում մահացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ականավոր դերասանուհու թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Վարդերեսյանը ծնունդով Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից է, 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Սունդուկյանի անվան թատրոնում է 1958-ից, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների։