Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հայտարարել է, որ օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները նախօրոք էին պատրաստվել՝ հավելելով, որ պետք է սպասել ծայրահեղականների նոր հարձակումների եվրոպական այլ երկրներում։
«Ահաբեկչությունները կազմակերպվել, մտածվել ու ծրագրվել են Սիրիայում», - ասել է Վալսը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան 2014 թվականից մասնակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին, որն էլ կանգնած է այս ողբերգության հետևում։
«Սակայն էպիկենտրոնը գտնվում է ոչ թե Սիրիայում, այլ առաջին հերթին Իրաքում։ Հենց այնտեղ է որոշվում ապագան։ Հենց Իրաքում ենք մենք ուրիշների հետ պայքարում «Իսլամական պետության» դեմ», - ասել է նա՝ հավելելով. - «Մենք որոշել ենք կիրառել նաև մեր «Միրաժ» և «Ռաֆալ» ինքնաթիռները Սիրիայում»։
Մանյուել Վալսը նաև ընդգծել է, որ ահաբեկչության սպառնալիքը դեռ երկար կպահպանվի։