Սաակաշվիլին՝ Թբիլիսիի և Կիևի միջև լարվածության պատճառ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաաակաշվիլի, հոկտեմբեր, 2015թ․

Վրաստանում մեծ հնչեղություն ստացած սկանդալային պատմությանը որոշել է խառնվել վարչապետը՝ նամակ հղելով Ուկրաինայի նախագահին։

Անցյալ շաբաթ համացանցում հայտնված՝ ենթադրաբար Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի սկանդալային հեռախոսազրույցը համախոհների հետ ստիպել է Վրաստանի կառավարության ղեկավարին անձամբ դիմել Ուկրաինայի նախագահին՝ խնդրելով պարզել այդ ձայնագրությունների իսկությունը։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ ուկրաինական կայքերից մեկը հրապարակեց երկու ձայնագրություն, որոնցում ենթադրաբար Սաակաշվիլին անհնազանդության կոչ է անում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ապագայի մասին դատարանի որոշման կապակցությամբ։ Ձայնագրությունները հեռախոսազրույցներ են ենթադրյալ Սաակաշվիլիի և «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Սաակաշվիլիի նախագահության տարիներին երկրի գլխավոր դատախազի տեղակալի, արդարադատության, ապա՝ կրթության ու գիտության նախարարի պաշտոնները զբաղեցրած Նիկա Գվարամիայի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիայի միջև։

Զրույցների ընթացքում, ըստ վրացական լրատվամիջոցների, Սաակաշվիլին մասնավորապես կոչ է արել համախոհներին «Ռուսաթավի 2»-ի հետ կապված դատավարության արդյունքներից ելնելով ձեռնարկել համապատասխան միջոցներ ու կազմակերպել հեղափոխական բնույթի միջոցառումներ՝ ընդհուպ բարիկադների կառուցում ցույցերի ընթացքում և զինված խմբավորումների կազմավորում։

«Դուք պետք է երկու շաբաթ դիմանաք, չի բացառվում, որ իշխանությունները կրակ կբացեն», - մասնավորապես ասել էր Սաակաշվիլին։

Ո՞վ և ի՞նչ նպատակով է գաղտնալսել Սաակաշվիլիի հեռախոսազրույցները՝ հայտնի չէ։ Ձայնագրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն անցյալ շաբաթ դիմել է Ուկրաինայի իշխանություններին, սակայն վերջիններն առայժմ չեն արձագանքել, և Վրաստանում հասարակական մեծ հնչեղություն ստացած այս պատմությանը որոշել է խառնվել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նախօրեին նա նամակով դիմել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ նախ մտահոգություն հայտնելով հեռախոսազրույցների կապակցությամբ, ապա նշելով, որ այդ զրույցի ընթացքում Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ ուղղված հայտարարություններ և հակապետական բռնի գործողությունների դիմելու կոնկրետ կոչեր են հնչել։

Ղարիբաշվիլին շեշտել է նաև, որ նման քայլերը հարիր չեն Վրաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններին, և որ այդ կոչերը կարող են վտանգել Վրաստանի կայունությունն ու անվտանգությունը։